jump to navigation

Արմենչիկի հարսանիքն ու Ֆլորիդայում հայ ուսանողի կարոտախտը 23 Մարտի, 2010

Posted by sunnystream in ԱՄՆ.
Tags: , , , , ,
trackback

…երբ արդեն լրիվ ներգրավվել էի ամերիկյան ուսանողական կյանքին, կամաց-կամաց գլխիս իջավ տոլմայի համով ու խորովածի հոտով հայկական կարոտախտը: Էն էլ որտեղ` Ֆլորիդայի հյուսիսում. հետաքրքրվեցի, փնտրեցի էդպես էլ հայ չգտա… լավ է` հույները մեզնից շատ են, խոհանոցներում էլ հայկական ուտեսնտներ են եփում, գոնե համը նման էր: Մեկ էլ լրիվ պատահական մի շաբաթվա մեջ գտնվեցի’ն, էն էլ ինչ` հենց իմ ազգանունով դասախոս, կանանց ֆուտբոլի թիմի մարզիչ, մի ուսանող էլ… բայց ինքն արդեն հետ էր մեկնել Հայաստան:  Սա արդեն բավական էր թվում, մյուս կողմից էլ` Սկայպն իր բարի գործն անում էր: Էնպես որ հանրակացարանի իմ երկրորդ սենյակի օդում (առաջինը փոխեցի հարևանուհուս հարբած ու Կիմ Կարդաշյանոտ գիշերային կյանքից զզված) հայերենն անպակաս էր. հատկապես որ էս նոր ամերիկացի հարևանուհիս մեծ ոգևորությամբ հայերեն էր սովորում ու պատերին փակցնում մեր անունները` իր ձեռքով գրված:


Քննությունները գլորեցինք, բոլորը ցրվեցին Ֆլորիդայի տարբեր անկյուններով, ես էլ, ի նախանձ իրենց նահանգով սահմանափակվող ֆլորիդացիների, Լոս-Անջելեսի տոմսը ձեռքս առա ու- գնում եմ իսկական Ամերիկան տեսնելու – մեկնեցի~…
Դե ինչպես շարքային երևանցի, հազար ու մի ընկեր-ծանոթ-բարեկամ ունեմ Լոսում: Եկա ու բարեկամներիս մեքենան Մեսչյանով դիմավորեց!!! Շատ ուրախացա. հայեր, հայկական սուփրա-սեղան, որակյալ երաժշտություն ու հարազատ մարդիկ: Հաջորդ օրն էլ` կիրակի. քայլեցինք դեպի եկեղեցի, էն էլ ճանապարհին աջ ու ձախ հանդիպող հատուկ պարսկահայկական շեշտադրությամբ “Դեղարան”, “Սևակի մոտ”, “Ծաղիկներ” ու մյուս ցուցանակներն էնպես էին ապշեցրել, որ ամեն քայլին լուսանկարներ անելով մինչև տեղ հասանք, պատարագն արդեն ավարտվել էր… հայկական եկեղեցին` արևադարձային ծառերով շրջապատված քառակուսի շինություն, սրահը` համերգասրահի պես, գեղեցիկ փափուկ աթոռներով, ճոխ… էդքան ժամանակ հայ էի փնտրում, իսկ էստեղ` հայե~ր… էն էլ ինչպիսի~ հայեր… բա ես իրենց էի փնտրում? Ես աստիճաններով բարձրանում էի, իրենք` բոլորով իջնում, ոնց որ իսկը Համալիրում Արմենչիկի համերգից հետո դուրս գալիս լինեին: Ես էլ դեռ ֆլորիդական ավանդությամբ աջ ու ձախ ժպտում եմ իրենց ու կամաց-կամաց զգում, որ էս մարդիկ ոչ էլ ուշադրություն են դարձնում, իսկ թե դարձրին, ապա “էս ով է նոր հայտնվել մեր կողմերում” Բանգլադեշի շուկայի մուննաթ հայացքով: Ու ոչ էլ տեղյակ եմ լինում, որ նույն երեկոյան քիչ հեռու Ազգային Երաժշտականն է անցնում` Սերժ Թանկյանի ու Ազնավուրի ներկայությամբ… լսում եմ սրա մասին ավելի ուշ, ու լսում եմ բացառապես վատ տպավորություններ` “իամանայի տենց անկազմակերպ ա լինելու ու բան չեմ տենալու, էդքան փող չէի տա…”: Զբոսնում եմ Գլենդելի կենտրոնական փողոցով, անցնում շատ ճաշակով շենքերի ու ռեստորանների մոտով ու քայլերս արագացնում, որ “Հայաստանի~ խաչքարեեեերս” կլկլոցը ետևում թողնեմ: Ու էդպես սկսում եմ արդեն փոշմանել, որ կարոտում էի հայերիՍ, ու նաև` հասկանալ, որ էստեղ ես իրական Ամերիկա տեսնողը չեմ…
Բախտիս բերմամբ`ընկերներս ու բարեկամներս ինձ օգնեցին սիրել Լոս-Անջելեսը` ցույց տալով հայերի աչքից ու ձեռքից հեռու մնացած հրաշալի անկյունները, թանգարաններն ու ծովափերը. անունները չեմ տալիս, որ էս հայերի ականջին էլ չհասնի, թե չէ իրենց “Հոլիվուդը մերն է, ինչ կուզենք կանենք” մտածելակերպով կհասնեն էդ սիրուն տեղերին էլ /Հոլիվուդի համար սիրտս էդքան չցավեց, որովհետև պարզվեց, որ բնավ էլ էն աստղային հրաշալի ու փայլուն աշխարհը չէ, այլ` սևամորթ թափառաշրջիկներով լցված փոշոտ ու աղմկոտ թաղամաս/:
Հայերն էստեղ փորձում են դիմանալ համաամերիկյան քրիսթմասախտին ու առանձնապես չեն նշում դեկետեմբերի 25-ը, բայց մենք որոշեցինք` քանի էստեղ եմ, մի բանով նշանավորել, ու երեք ջահել աղջիկներով գնացինք Լաս Վեգաս: Քաղաքը մի հրաշք էր, հյուրանոցները` մի-մի արվեստի գործ, հատկապես` սրահների ձևավորումներն ու եվրոպական քաղաքների վերստեղծումները` վենետիկյան գետերով ու գոնդոլաներով, փարիզյան կամուրջներով ու հռոմեական անտիկ շատրվաններով` հենց հյուրանոցների շենքերի ներսում: Բայց էս ամենը էլի հայերեն ու հայավարի հիշվեց մեզ համար. հայկական “Համբիկ-Տուր”-ն էր մեզ էնտեղ տանում: Ավտոբուսի վարորդը ջանք չխնայեց, որ ապարանցիների մասին բոլոր անեկդոտների համը հաներ, պարսկահայ տատիկներն էլ ձայն չխնայեցին` Սիլվա Հակոբյանի “Կանաչ-կարմիր”-ին ձայնակցելու ու Վեգասի կենտրոնում ավտոբուսի նեղ միջանցքում “տաշիկ” անելու: Ես ու ընկերուհիներս զգուշացվել էինք, որ Ամերիկայում մեզ մշակութային շոկ է սպասվում, բայց ոչ ոք չէր ասել, որ էդ կլինի հայկական շախով-շուխով “մշակույթից”: Վեգասն էլ մեզ հայկական ձևով դիմավորեց` Բելլաջիո հյուրանոցի շատրվանները Արամ Խաչատրյանի երաժշտության տակ պարեցնելով: Դա, իհարկե, հրաշալի էր:
Հետ եկանք, հիմա էլ` հայկական հեռուստատեսության կարոտ զգացի: Ընկերուհիներս անընդհատ “Հայ Սուպերսթար”-ի տաղանդավոր էրեխեքից են պատմում, ես էլ ուզում եմ սիրելի հաղորդումները տեսնել: Վերջապես` բարեկամներից մեկի տանը հսկա ԷլՍիԴի էկրանով “Հ1”-ը գտանք… Աշոտ Ղազարյանի “Շաբաթ երեկո”-ն մեր կիրակի ցերեկվա հետ ոչ մի ընդհանուր բան չուներ, նրա ժամկետն անց հումորներն ու երգուպարն էլ երբեք իմ սրտով չեն եղել: Անցանք “Արմենիա”-ին. ուրախություններիս չափ չկար, ամենահումորային հաղորդումն էին գտել! “Մեծ չաղ հայկական հարսանիք”-ի կուլմինացիոն պահն էր. Սևանի ափին` ինչ-որ ավերակների մեջ, ԱդիԴԴաս գլխարկը մինչև քթի ծայրը քաշած ու ձեռքերը գրպանները դրած ԱՍՊԵՏԸ վերջապես խոստովանեց իր սերը` “բա դու գիդես քեզԻ սիրում եմ”, և նրանք համեստորեն խոնարհեցին հայացքները… դրան հաջորդում է իրական հարսանիքի տեսագրությունը` կիսաքանդ ռեստորանում, հարսի` կիսաքանդ տրամադրությամբ ու փեսայի` մեծ սխրանք արած մեկի ժպիտով, ձեռքերն` էլի գրպաններում, աղջկան էլ հետևում թողած… սրանից հետո` “Բլեֆ” – կոշտ ու կոպիտ կատակ էին արել դերասան Արտաշես Ալեքսանյանի հետ, արդյունքում ոչ մի ծիծաղելի բան չգտանք, մենակ դերասանն աչքիցս ընկավ… “Շանթ”-ով էլ Սուպերսթարի փոխարեն, մի քանի ժամ շարունակ, տոնածառիկի կողքին ամերիկյան անշուք ստուդիայում նստած մի պարոն քաղաքականություն էր վերլուծում. կադրում` մենակ ինքն ու տոնածառիկը, լսել չէր լինում (ասում են` նաև կակազում է, չնայած դա նկատելուն հերթը չհասավ, էնքան ձանձրալի էր նայվում հաղորդումն ու անհետաքրքիր): Վերջում որոշեցինք տեղական երաժշտական ալիքում հանգրվանել. իսկապես գեղեցկադեմ երիտասարդ հայ երգիչ Անդրեն (այս մեկը` կարճ մազերով ու պարտադիր կաշվե փայլուն կիպ շալվարով) կանգնել էր Լոս Անջելեսի դաունթաունի կենտրոնական երկնաքերերի դիմաց ու անձրևի տակ սիրո մասին էր բղավում` մաքուր պարսկական ձայնով, երաժշտությամբ, շարժումներով ու հայերենով… ու էստեղ հիշեցին նաև Արման Հովհաննիսյանին, Արմենչիկին… “ամա~ն, Արմենչիկը ամուսնացել ա, մի քանի օր առաջ` էնքա~ն էլ մարդ կար, սիքյուրիթին կամպյուտերով էր մարդկանց ներս թողնում, աղջկան տեսել եմ` Քրիստինե Պեպելյանի սիրուն տեսակը, Ռուսաստանցի ա…”: Ու մնաս բարով հայկական հեռուստատեսություն, ես քեզ էլ չեմ կարոտի. ամեն դեպքում` այստեղ: Իսկ ինչն էլ կարոտեմ, ինտերնետում էդ հաղորդումների տեղը լավ գիտեմ` առանց կողմնակի ավելորդությունների ու գովազդների /իսկ էստեղ բախտագուշակներն էլ են իրենց գովզդային ժամը գնել եթերում/:
…մտածում եմ` գնամ Երևան էս նույնն է լինելու? Սրանով անցած ընկերներս ասում են` հա: Բայց չեմ հավատում: ՈՒ կարոտում եմ Երևանը` էն ամենով ինչ ես սիրում եմ իր ներսում` մարդկանցով, երգերով, շենքերով, այգիներով ու հեռուստատեսությամբ: Ուղղակի էնպես ստացվեց, որ էդ ամենը էստեղ ինձ հանդիպեց բացասական ֆիլտրացմամբ, կլկլոցներով ու անմակարդակությամբ: Ես էլ կփորձեմ հիշել մենակ դիմավորող մեքենայից հնչող Մեսչյանը, Վեգասի ավտոբուսում մեկ-մեկ լսվող Հախվերդյանն ու Պիպոյանը, էն փաստը, որ Սերժ Թանկյանն էստեղ մոտակայքում է, որ ընկերներս ու բարեկամներս գիտեն որտեղ գտնել գեղեցիկ ամերիկյանն ու որակյալ հայկականը Լոս Անջելեսում ու որ մեկ է` Արմենչիկոտ թե ոչ, բայց Գլենդելում` ամերիկյան Հայաստանում, կարտոխտ ասվածը փոքրացավ ու մնաց մի բուռ կարոտ, որ հետս կտանեմ ետ` Ֆլորիդա` հայերից ու հայկականից հեռու, էլի մեծացնելու ու լցնելու Հայաստանով:

Մեկնաբանություններ»

1. Zaruhi Sanayan - 23 Մարտի, 2010

Eh, uzum es mi tari Amerikayum apri, uzum es tas. Het galuc dimavorelu en shenq dimac nstox mets krtsqerov kanayq, u du iranc mi shabatva bambasanqi teman kdarnas, u eli Hyusisayin poxotayov ancneluc ktesnes tsitsak koshiknerov u sev hagnvats txaneri, u ete patahmamb erkar sharf es kapel, eli hetevicd aselu en ” Vax, mors arev, es axjik@ nkarchist a…”


Թողնել մեկնաբանություն