jump to navigation

Man/Chester Ապրիլի 4, 2010

Posted by lusavor in Անգլիա.
Tags: , , , , , ,
add a comment

Լոնդոնում ու Լոնդոնից շուտ ես հոգնում. մեղվանոց է իսկական, ինչ լեզու, ինչ ազգ, ինչ աղմուկ ասես, որ չես լսում ու տեսնում ամեն օր: Կյանքը լարված է, անկախ նրանից ուսանող ես, աշխատող, թե պետության հաշվին ապրող, 7-8 երեխայի նպաստով գոյատեւող, սեւ գլխաշորով փաթաթված արաբ կամ աֆրիկացի….
Մի խոսքով, որոշեցինք այսպես կոչված Easter break-ին մի տեղ փախչել Լոնդոնից: Շոտլանդիայի համար շուտ էր, դեռ ցուրտ է էնտեղ: Որոշեցինք էդքան հյուսիս չգնալ: Մանչեսթեր-Չեսթերի գնացքի տոմսեր առանք ու մեր ընկերների հետ գնացինք բացահայտելու Անգլիայի հյուսիսը: Մանչեսթերը բավական մեծ քաղաք է, իհարկե, նախ եւ առաջ հայտնի է Manchester United-ով: Ու երեւի հենց մենակ դրանով: Հայերիս համար կարեւոր է, որովհետեւ Լոնդոնից հետո երկրորդ մեծ համայնքը UK-ում Մանչեսթերում է: Ու պարզվում է` Մանչեսթերի հայկական եկեղեցին Արեւմտյան Եվրոպայում ամենահին հայկական եկեղեցին է: Հայ վաճառականները 1800-ականների երկրորդ կեսին որոշել են կառուցել եկեղեցի, բայց չեն ուզել ‘աչք ծակել’, ու եկեղեցու արտաքինը խիստ եվրոպական է ստացվել:


Բավական հետաքրքիր Գիտության եւ արդյունաբերության թանգարան ունեն, հին ու սիրուն գրադարան, ճոխ ու հսկա քաղաքապետարան (մերոնք էլ իհարկե հետ չեն մնում), մեկ էլ համով ու հայտնի չինական ռեստորաններ 🙂 Manchester United-ի կենտրոնն ու մարզադաշտը քաղաքից մի քիչ հեռու էր, եւ մենք նույնիսկ չգնացինք այն տեսնելու (ամոթ մեզ): Փոխարենը հայկական-չինական մթնոլորտում ուրախ օր անցկացրինք: Դեռ առավոտյան, երբ կայարանում քննարկում էինք ավտոբուսների երթուղիներն ու գներն ու չէինք կողմնորոշվում, տեղի աշխատողներից մեկը, որ կայարանի հսկիչների հատուկ համազգեստով գնում գալիս էր մեր կողքից, մեկ էլ կանգնեց ու հայերեն ասաց. : Մի լավ ծիծաղեցինք, հետո Ջորջի կամ Գեւորգի օգնությամբ որոշեցինք մեր անելիքը, պարզեցինք, որ հայ համայնքը ‘բանի պետք չի’, ու որ Մոսկվայից հետո խեղճ մարդը Մանչեսթերում իր տեղի չի գտնում արդեն 15 տարի: Ու գնացինք քաղաքը գրավելու: Օրվա երկրորդ կեսն էլ անցկացրինք մեր մյուս հայ ընկերոջ հետ, ու նույնիսկ մասնակցեցինք արարողության հայկական եկեղեցում: Մանչեսթերի համայնքը առիթ ունեցավ բացահայտելու Վիգենի ձայնը ու հույս հայտնելու, որ Զատիկի պատարագին էլ էնտեղ կլինենք, բայց իզուր 🙂

Երեկոյան հասանք մեր սիրուն ու գողտրիկ հյուրատունը Չեսթերում: Ավանդական հայկական ‘մաֆիա’ չստացվեց խաղալ, քիչ էինք` 4-ով, բայց մի լաաաաավ խոսեցինք, հիշեցինք, բամբասեցինք, երազեցինք ու ի վերջո քնեցինք` երազները չընդհատելու համար: (Քնեցին բաց դռներով, քանի որ 2 սենյակի կողպեքներն էլ ‘թարսի պես’ փչացան, ու տերերը ստիպված էին փոխհատուցել Full English Breakfast-ով 🙂
Չեսթերը ՄԱՆչեսթերից շատ ավելի փոքրիկ, բայց շատ ավելի հետաքրքիր քաղաք էր: Աշխույժ, կենդանի, ավանդական ու պատմական: Լոնդոնից հետո առաջին բաներից մեկը, որ նկատում ես, շարունակ հանդիպող բրիտանացիներն են, սպիտակ դեմքեր: Այլազգիներ գրեթե չկային, ինչը թույլ էր տալիս զգալ հին անգլիական քաղաքի շունչը: Հին լապտերներ, կղմինդրապատ տալիքներ, սեւ-սպիտակ պանդոկներ, փողոցներում Beatles երգող ջահելներ, եկեղեցու զանգեր… դե իհարկե, էս պատմական շենքերում ‘թառած’ Next, Zara, Starbucks….
Քայլեցինք քաղաքի նեղ ու սիրուն փողոցներով, նկարվեցինք իրենց հայտնի ժամացույցի մոտ (Ասում են, Big Ben-ից հետո աշխարհում ամենահայտնի ժամացույցն է… Մի քիչ չեմ հավատում), զբոսնեցինք քաղաքը շրջապատող պարսպի վրա, նույնիսկ զբոսանավ նստեցինք, էլ չեմ ասում, որ Ուտեսների փառատոն-շուկա գնացինք, թեեւ ուշ հասանք, ու արդեն համարյա բան չեր մնացել: Բայց դե, հասցրինք մի քանի շեֆ-խոհարարների ցուցադրություններ դիտել ու համտեսել արդյունքները. Դրանցից մեկը մսով աջաբ-սանդալի համ ուներ 🙂

Դե էլ ի?նչ է պետք լիակատար երջանկության համար…. ԱՐԵՎ!!! Նույնիսկ դա ապահովվեց` հակառակ BBC-ի ‘կռռոցների’…

Լոնդոնը հեչ չէր ձգում, բայց դե 2 օրից ավելի էսսեների մասին մոռանալ չէի կարող ինձ թույլ տալ… Բախտներս բերեց, ետ գալու ճանապարհը բավական երկար էր, գնացքում էլ լավ ուրախ ժամանակ անցկացրինք: Կարեւորը` արդյունավետ. Ես հասցրեցի ԲԼՈՏ սովորել :))) հեհե Այ էդպիսի հետաքրքիր ու լիքը ճամփորդություն:
Հիմա նստած համոզում եմ ինձ, որ էսսես գրեմ… երեւի շուտով կստացվի :


Անդարդ մարդկանց դարդի կարոտից. ստերեոտիպախեղդ ազգ Մարտի 23, 2010

Posted by sunnystream in ԱՄՆ.
Tags: , , ,
7 comments

Որ առաջին անգամ լսեցի տղաներից մեկը ինչ-որ բանից ներվայինացած ասեց “դա շատ ստերեոտիպային ա”, մտածեցի երևի ուղղակի իր բառապաշարն էր շատ գրական: Մի կարճ ժամանակ անց հասկացա, որ էս ամերիկյան ազգը ոտքով գլխով թաթախված է ստերեպոտիպեր ստեղծելու, դրանք ծաղրելու ու դրանց դեմ պայքարելու անվերջ պրոցեսի մեջ: Հայերեն ասած կարծրատիպերը էստեղ ամեն տեղ են` աջ ու ձախ, հենց գալուս հաջորդ օրվանից ես էլ դրանք ինձ համար ակամա սահմանեցի, երբ ամեն տեսածիս հետ մտածում էի` “վայ, ոնց որ կինոյից լինի”…

Հետո դասերիցս մեկը, որի “Բազմամշակութային ֆիլմեր” անունը հուշում էր լրիվ այլ բան, պարզվեց հենց մեր սիրելի բարեկամներ ստերեոտիպերի մասին էր: Ամեն երկուշաբթի ֆիլմ էինք դիտում ու հետո քննարկում դրանում առկա պինդ տիպերը` գույն, կրոն, կողմնորոշում, զբաղմունք, տեսք, ձայն, միմիկա… ամեն բան ենթակա է ստերեոտիպացվելու! Ու սա ինձ ստիպեց շուրջս ավելի ուշադիր նայել: Դե իհարկե եկել էի MTV-ական կարծրատիպերով` էն էլ Ֆլորիդա` փարթի-նահանգ, հենց երկրորդ գիշերով հարևանուհիս, ում հետ կիսում էի սենյակը, հաստատեց էդ պատկերացումներս` ներս գալով հարրրբած ու աղմուկ անելով գիշերվա կեսին: (ավելին …)

Արմենչիկի հարսանիքն ու Ֆլորիդայում հայ ուսանողի կարոտախտը Մարտի 23, 2010

Posted by sunnystream in ԱՄՆ.
Tags: , , , , ,
1 comment so far

…երբ արդեն լրիվ ներգրավվել էի ամերիկյան ուսանողական կյանքին, կամաց-կամաց գլխիս իջավ տոլմայի համով ու խորովածի հոտով հայկական կարոտախտը: Էն էլ որտեղ` Ֆլորիդայի հյուսիսում. հետաքրքրվեցի, փնտրեցի էդպես էլ հայ չգտա… լավ է` հույները մեզնից շատ են, խոհանոցներում էլ հայկական ուտեսնտներ են եփում, գոնե համը նման էր: Մեկ էլ լրիվ պատահական մի շաբաթվա մեջ գտնվեցի’ն, էն էլ ինչ` հենց իմ ազգանունով դասախոս, կանանց ֆուտբոլի թիմի մարզիչ, մի ուսանող էլ… բայց ինքն արդեն հետ էր մեկնել Հայաստան:  Սա արդեն բավական էր թվում, մյուս կողմից էլ` Սկայպն իր բարի գործն անում էր: Էնպես որ հանրակացարանի իմ երկրորդ սենյակի օդում (առաջինը փոխեցի հարևանուհուս հարբած ու Կիմ Կարդաշյանոտ գիշերային կյանքից զզված) հայերենն անպակաս էր. հատկապես որ էս նոր ամերիկացի հարևանուհիս մեծ ոգևորությամբ հայերեն էր սովորում ու պատերին փակցնում մեր անունները` իր ձեռքով գրված:

(ավելին …)

Lոնդոնյան բացահայտումներ. ՌԱԴԻՈ Հունվարի 24, 2010

Posted by lusavor in Անգլիա.
Tags: , ,
add a comment

Երեւի առաջին գրառումը պիտի լիներ առաջին տպավորությունների մասին, որոնք խելքից դուրս շատ էին, ու ուզում էի բոլորը գրի առնել, որ հաջոդ գալուց նույն սխալները չկրկնեմ 🙂 Բայց արդեն բավական ժամանակ է անցել, ու տպավորությունները մի քիչ մաշվել են, ավելի լավ է` խոսել թարմերից:

ՌԱԴԻՈ:

Այ քեզ բան, ինչքան ինձ հիշում եմ` ռադիոում աշխատել եմ, բայց ռադիոլսող էդպես էլ չեմ եղել (չհաշված համալսարան ընդունվելու տարին, երբ ռադիոն միացնում էի պարապելու ընթացքում, որ չքնեմ…) Լոնդոն, էլի գիշեր ու պարապմունքներ… ուշ քնել, ուշ արթնանալ…. ու հաջոդ գիշերն էլ քունդ չի տանում… ու վերցրի ԱՅփոդը (հիհի, լավ ստացվեց հայերեն), ու որոշեցի մի քիչ ռադիո լսել, որ ձանձրանամ, քնեմ: Ու….  շատ երկար տեւեց մինչեւ ձանձրացա: Այ քեզ հետաքրքիր ռադիո: Այ քեզ ձգողականություն:

Միացնում ես ռադիոն ու հաղորդավարը “տնավարի” ստուդիա է հրավիրում իրենց միջանցքով անցնող գործընկերոջը, որի շունը լուրջ վնասվածք էր ստացել նախորդ օրը, հարցնում է` ի?նչ նորություն, քննարկում մի քանի րոպե, զանգեր են գալիս, նման պատմություններ են հայտնվում, մեկ էլ զանգում է իրենց պրոդյուսերը, որ (գիշերվա 3-ին) տան պատուհաններն է մաքրում, ու դա ակնհայտ լսվում է եթերում: Միանում է զրույցին, նոր թեմա մեջտեղ բերում….. ու այդ ամենը էնքան անմիջական ու ԿԻՐԹ, որ դիսկոմֆորտ կամ ձանձրույթ չես զգում….

Գիշերվա կեսին (իրենք դրան անվանում են “առավոտ շուտ”) քննարկում են ամենակարեւոր, սուր-հետաքրքիր-ցավոտ-տարօրինակ թեմաները… Հաղորդավարը էնպիսի լեզու … էնպես է խոսում, կարծես ամենի ինչի մասնագետ է, հետն էլ իր կարծիքը պատճառաբանում է, հիմնավորում ու անպայման թույլ տալիս, որ հակառակն էլ զանգողները ասեն…. Իսկ զանգողները…. Նորից, Այ քեզ բան, ոչ թե երգ են պատվիրում,  այլ լրջորեն (իհարկե, հաճախ նաեւ հումորով) քննարկում են առաջիկա ընտրությունները, ֆինանսական ճգնաժամը, հյուր գնալիս կոշիկ հանել-չհանելու, customer-service-ների վատ աշխատանքի (էս թեմային հաստատ կանդրադառնամ առանձին, քանի որ ամենահիշվող տպավորություններից մի քանիսը հենց այդ “հրաշք” աշխատողների հետ են կապված),  ամուսնանալ ու հետո երեխա ունենա?լ- թե? ունենալ, հետո ամուսնանալու խնդիրները…. Ու հավատացեք, բավական ադեկվատ կարծիքներ ու պատմություններ են լինում….

Առաջին օրն էնպես հիացած էի, որ հաջորդ օրը ցերեկն էլ ամեն հարմար առիթով ականջակալները դնում էի ու միանում ‘Լոնդոնյան ՄԵԾ Զրույցին’ “London’s Biggest Conversation” … Պիտի խոստովանեմ, որ ցերեկը խանգարում են 15 րոպեն մեկ հաղորդվող նորությունները եղանակի ու Լոնդոնի ճանապարհների, երթեւեկության մասին, բայց տանելի է 🙂

Համեմատությունը “հայրենական արտադրության հետ” թողնում եմ ձեզ…. ու գնում եմ քնելու, բայց նախ բացահայտելու, թե այսօրվա լոնդոնյան զրույցը ինչի մասին է…. Այ քեզ մասնագիտական ու անձնական բացահայտում 🙂

Welcome to America!!! [part 2] Հունվարի 10, 2010

Posted by sunnystream in ԱՄՆ.
add a comment

10 ժամ թռիչք. Ավելի ճիշտ կլինի գլուխս պատուհանի կողմին հենեմ, ոտքերս թող միջանքով ձգվեն: Չէ, բա որ ուտելիքի սեղանիկները գլորեն էդտեղով… Չէ, արի գլուխդ միջանցքի կողմով դիր, ոտքերդ էլ կխցկես նստարանի ու պատի արանքը. ըհը, փորձի աջ ոտքդ ներքևից բերել, մի քիչ էլ, ու` ըհը, էնպես ես սեղմվել նստարանի վրա, որ եթե մեկը փորձի “բզել”, զսպանակի նման տեղից կթռնես, աջ ու ձախ կձգվես: Ու էդպես` մի քանի ժամ: Ու երևակայի` քնեցիր:

Հետո էլ կես-ֆիլմ նայեցիր եւ մի մուլտ, որ իսկապես սիրեցիր` այլմոլորակայինների, Հերոսների ու ԱՄՆ-ի ապուշ նախագահի մասին. չէ` նկատի ունեմ կերպարն էր ապուշ, թե չէ Օբամային սիրում եմ (նույնիսկ էսօր իր առողջական ծրագրի թռուցիկն էի փակցրել դռանը, էն էլ ռումմեյթս տաքարյուն հանրապետական դուրս եկավ): Չէ է, դեռ ռումմեյթ չունեմ, ռում էլ չունեմ, ես եմ ու իմ նեղլիկ նստարանը: Օվկիանոսը ձնաձրալի էր ու կուրացնող, ամպերը թեթև էին, բայց ինչքան սպասեցի` Պետերբուրգի ճանապարհին տեսած կլոր ծիածանին չհանդիպեցի: (ավելին …)

Welcome to America!!! [part 1] Հունվարի 10, 2010

Posted by sunnystream in ԱՄՆ.
Tags: , , , , ,
add a comment

“Բարով մնաս դու իմ քաղաք և փողոցներ հարազատ,

ես չափչփել եմ ձեզ հազար-հազար անգամ…”-  մտմտում ես ու նայում Մեշչյանի թեթև ձեռքով կառուցված “Զվարթնոց”-ին: Հետո բարով-խերով խուսափում ես սենտիմենտալ տեսարաններից, պաթետիկ ու արդեն սփյուռքահայոտ հայացքով նայում ես  Մասիսին, թռնում ես ու մոռանում քանի օր առաջ պլանավորածդ` ինքնաթիռում լսել Զեմֆիրային` “Мама Америка, в 22 берегааа”… Земфира — не отпускай…

Ու օդից մի քանի կադր ես նկարում` Արագածը բռիդ մեջ, որ ով գիտի` գուցե էնտեղ երկիրդ ներկայացնելուց պետք գա: Ու փորձում ես ուղեղումդ տեղավորել բոլոր մնասբարովները, վերցրածդ ու թողածդ, կողքդ նստած ամուրի բժշկուհու հիացմունքը, որ վերջապես Գրին Քարդով գնում է Ամերիկա` նոր կյանք սկսելու ամենաամերիկյան երազանքով, քո գնալու պատճառներն ու Ռեգինա Սպեկտորի “I’ll come back when you call me no need to say goodbye”-ը: () (ավելին …)

Նմա՞ն եմ, թե՞ չէ… Մարտի 10, 2009

Posted by enipra in Ֆրանսիա.
Tags: ,
add a comment

Էս պատմությունը շատերին եմ պատմել, բայց որոշեցի մի հատ էլ էստեղ գրել:

Դեկտեմբերի 18, պրեֆեկտուրայում սպասում եմ, որ վերջապես ժամանակավոր կացության «récépisse» կոչվող թուղթս տան, վրան խփեն մեկանգամյա մուտքի վիզան ու ես կկարողանամ տոները Հայաստան անցկացնելու:  Էս շենքում միշտ կարելի է տեսնել տարբեր ազգերի ներկայացուցիչների` դե չինացիներ պարտադիր, արաբներ բնականաբար, տարբեր անհայտ երկրներից սևամորթներ, մեկ-մեկ ռուսներ, վրացիներ, կովկասյան տարբեր չեչենանման ազգեր, որ չգիտեմինչերեն են խոսում, մեկ էլ հոպ, ու սկսում են առանց ակցենտի ռուսերեն բլբլալ: Բայց հայ ոչ մի անգամ դեռ չէի հանդիպել: Ընդհանրապես հայերն էս քաղաքում քիչ են: Ու հենց էդ սպասողական վիճակում լսում եմ միջանցքի խորքից եկող հայերենին շատ նման խոսակցության ձայներ: Մտածեցի` երևի թվում է: Ձայները կամաց-կամաց մոտեցան ու իրենց տերերի հետ եկան-նստեցին ինձանից ոչ հեռու: Ինչ-որ դարդոտած կին էր` մոտ իմ տարիքի տղայի հետ, թարգմանիչն էլ կողքից: «Ինչ են է՞ ասում, պիտի սպասե՞նք…» Այ մարդ, հա էլի, հայերեն են խոսում: Մի րոպեի չափ կողքից հետևեցի, գնացի հենց իրենց կողքը նստեցի ու դիմեցի կնոջը.

-Բարև ձեզ:
-Բարև… Հայ ես, հա՞:
-Հա: 🙂
-Բայց հեչ նման չես:
-Իրո՞ք:
-Հա, բա որտեղացի՞ ես: … Երևի սովորում ես, հա՞: …Լեզուն լավ գիտե՞ս,- անկետային հարցերից հետո անցավ իրենց,- Դե մենք էլ եկել ենք հանձնվենք, երևի խաբար չես տենց բաներից:
-Դե մի քիչ գիտեմ, ստեղ ուրիշ հայ ընտանիքներ գիտեմ, որ նույն ճանապարhով են անցել, հիմա արդեն քաղաքացիություն ունեն:
-Ով ե՞ն որ:
-Դե…. օրինակ էսինչն ու էնինչը:
-Հաաա…. (ահավոր բազմանշանակ)
-Էդ ո՞վ են որ, մամ,- չդիմացավ տղան:
էսինչենք, էլի: Դե էն… մարդ են հիմա:

Էնպիսի անկապ զգացողություն էր մոտս, որ էս փոքր քաղաքում, ուր հայ ընտանիքներին կարելի է մատների վրա հաշվել, էլի մարդիկ իրար հետ թարսված են, էլի խումբ-խումբ: Գուցե իմ բախտն է բերել, բայց էստեղի ինձ քիչ թե շատ ծանոթ հայերը բոլորը հրաշալի մարդիկ են դուրս եկել:

Մեր խոսակցությունն էլ համարյա չշարունակվեց, ինձ կանչեցին: Բայց առանձնապես շարունակվելու տեղ էլ չուներ ճիշտն ասած: Մի տեսակ վախեցած ինչ-որ բան կար էդ մարդկանց մեջ, որ վանում էր, գուցե ուղղակի քաշվում էին իրենց կարգավիճակից, ամաչում: Չգիտեմ: Միայն մի բան գիտեմ, որ էս մարդիկ ահավոր դժվարությունների միջով են անցնում տարիներ շարունակ մինչև իրավունք են ստանում օրինական ապրել ու աշխատել, շատ ավելի ծանր, քան մենք պատկերացնում ենք: Ու մտածում եմ` արժե՞ արդյոք… բարդ է:

Դեկտեմբերի 20, Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում եմ, կյանքումս առաջին անգամ պետք է մենակ ճամփորդեմ ու ծանր պայուսակները ուսիս փորձում եմ կոմնորոշվել հսկա շենքում: Լիիիիքը մարդիկ են շուրջս, աղմուկ… Ու աղմուկից մի կիսալղոզված կտոր.«Հլը սպասեք, էս աղջիկը հաստատ հայ ա…»

-Հայ ե՞ք:

Մի 30-ին մոտ տղա էր: Զարմացած գլուխս թեքեցի: Տղայի կինը ու մեկ ուրիշ երիտասարդ զույգ կանգնած ինձ էին նայում:

-Հա: 🙂 Ի՞նչ իմացաք:
-Ախր ո՞նց կարելի ա չիմանալ: Տիպիկ հայկական դիմագծեր ունեք, հայի աչքեր: Ես դեռ հեռվից էի հասկացել:

Ծիծաղս եկավ, ընդամենը 2 օր առաջ էր ախր: :)) Էս անգամ խոսակցությունը շատ ավելի ջերմ էր: Փարիզցիներ էին, ուղղակի եկել էին մարդ ճանապարհելու, ձեռքի հետ էլ ինձ մի քիչ ճանապարհեցին, օգնեցին: Վերջում էլ կարոտած ձայնով ավելացրին.

-Մեր կողմից կբարևես մեր Երևանին:

6 տարի Հայաստանում չէին եղել:

Բժիշկը, ով լուսնից չէր ընկել :) Փետրվարի 12, 2009

Posted by enipra in Ֆրանսիա.
Tags: ,
add a comment

Ֆրանսիայում օրինական կացության թղթերի ձևակերպումը, այսպես ասած` վիզայի երկարացնելը շատ ջանջալ ու անկապ գործընթաց է, ճիշտ այնպես, ինչպես Երևանում Ֆրանսիայի վիզա ստանալու տունտունիկը: Էստեղ պետք է նախ պրեֆեկտուրային տարատեսակ փաստաթղթեր տալ, հարցաթերթիկներ լրացնել, նաև անցնել բժշկական ստուգումներ ու դրանց արանքներում սպասել, սպասել ու հաաա~ սպասել… Սեպտեմբերի 30-ին գործերս պրեֆեկտուրա տալուց հետո դանդաղ, բայց անցել եմ էդ ամենի միջով, երեկ վերջապես եկավ վերջին բժշկական ստուգմանս օրը:

Նախ մի բուժքույր լիքը հարցեր տվեց, դե մարդը անկետա էր լրացնում ))) «Բողոքներ ունե՞ք…», էս կողմ, էն կողմ, «Վերջին 10 տարում դիֆտերիայի դեմ սրսկվել ե՞ք»: Սխալվեցի, ասեցի` չեմ հիշում: Հայ-հայ էիր զոռով սրսկվել տային, էն էլ ես «հանկարծակի վերհիշեցի», դեռ մի բան էլ զանգեցի Հայաստան, մամայից «իբր ճշտեցի», որ 2002-ին սրսկվել եմ, բա ի՞նչ եմ արել… ))) Ասեցի, որ մի աչքս էնքան էլ լավ չի տեսնում: Ասեց` ստուգենք… Աստվա’ծ իմ, տառերի առաջին շարքը չտեսա, երկրորդն էլ, երրորդն էլ նույնը, չորրորդը` կիսատ-պռատ… 5-րդից նոր սկսեցի լրիվ ճիշտ ասել: Մյուս աչքով էն ամենամանրներն էլ վռազ-վռազ կարդացի: Ձեր առողջ աչքը 10 է, մյուսը` 4 , 10 բալանոց համակարգում: Հը՞՞՞՞՞… Էդ ի՞նչ նոր հաշվման համակարգ է: Ո՞ւր կորան մեր սովորական +-1, 2, 3-ները: Ես ինձ հույս տվեցի, որ էդ 4-ը մի ամիս առաջ աչքիս բորբոքման հետևանքով է կամ գերհոգնածության, դե մի բանով պիտի հույս տայի, թե չէ: Այ քեզ բան, իսկ Հայաստանում ասում էին, որ 2 աչքս էլ -1 են, չնայած, որ ես պնդում էի, որ մեծ տարբերություն եմ զգում: Հմմմ… Քաշս ու բոյս չափելուց հետո դրանց անհամապատասխանությունից զարամցած խեղճ աղջիկը մտահոգ դեմք ընդունեց ու հարցրեց իմ ամենաչսիրած բանը` լա՞վ եք սնվում: Հոյակապ, օրական 3 անգամ, նույնիսկ առավոտյան դասի գնալուց առաջ! Վերջապես բժիշկը` մոտ 30 տարեկան ջահել տղա, հրավիրեց իր սենյակ:

— Մադմուազել Էսինչյան Էսի՞նչ:
— Այո:
— Ազգությունը… հա՞յ:
— Այո:
— Փաստորեն Էջմիածնո՞ւմ եք ապրում: /Բերանս բաց մնաց, աչքերս աննկատ վազեցին բեջի վրայով` ֆրանսիացու անուն է/
— Չէ, Էջմիածնում ծնվել եմ, իսկ ապրում եմ…
— Էղևանո՞ւմ:
— Հա ))
— Անցած ամառ ընկերներիս հետ Հայաստանում էի, հրաշալի տեղ է: Պուշկինի փողոցի վրա էի ապրում` հենց օպերայի կողքին: Էջմիածին էլ եմ գնացել, էնտեղ էր, չէ՞, մեծ տաճարը:
— Հա: Է՞լ որտեղ եք եղել, Սևան գնացե՞լ եք:
— Հա, բա ոնց: Լճի ափին խորոված ենք սարքել: Սարդարապատ եմ գնացել, Տաթև, բանն ենք բարձրացել… ոնց է՞ր…
— Արագա՞ծ…
— Հա… Աղագած: Վրան էլ էն, ի՞նչ էր անունը, Ամբե՞ղդ, հա՞…
— Ըհը, Ամբերդ!

Մի խոսքով` համատեղ ուժերով պարզեցինք, որ լաաավ ման էր եկել, բոլոր տեղանունները ահավոր լավ էր հիշում ու մի այլ կարգի հմայված էր:)))

Կողքից նայողը երևի կզարմանար, թե ես ինչու էի էդ ամբողջ ընթացքում ապուշի պես ժպտում, բայց իրոք անսպասելի էր ու շատ հաճելի, ախր էս ամբողջ ընթացքում էնքան քիչ մարդիկ են պատկերացրել, թե Հայաստանն ընդհանրապես որտեղ ա, որ հեչ էլ նույն Ռումինիան չի (Arménie, Romanie), որ Աֆրիկայում էլ չի ու դեռ մի բան էլ Շրի Լանկայի մոտ չի ամենևին! Հա-հաաա, կատակ չեմ անում, մեր կուրսի վիետնամցի աղջկա համար Հայաստանի հարևան երկրների անունները թվարկեցի, ու ինքը խելոք հայացքով հարցրեց. «Ոնց որ Շրի Լանկայի մոտ ա, հա՞»:

Վերադառնանք մեր բժշկին: Իհարկե Հայաստանի թեման շատ հաճելի էր, բայց վերջը անցանք բուն թեմային: Նայեց լրացրած թերթիկներին, թվերին… էլի չխուսափեցի էն իմ չսիրած հարցից: Փոքր ստուգումներ` սիրտ, թոքեր, շնչառություն, բերանի խոռոչ:

— Ամեն ինչ լավ է: Բայց ամեն դեպքում լավ կանեք` այցելեք ակնաբույժի, չարժե էդպես թողնել: Ահա Ձեր թաղամասում ակնաբույժի հասցե:
— Շնորհակալ եմ:
— Դե հաջողություն, գուցե մի օր հանդիպենք Էղևանում:
— Գուցե: Ցտեսություն: